Նորընծա իշխանություննե՛ր։
Ես չգիտեմ դուք ովքեր եք, ինչպիսի քաղաքական հայացքներ ունեք, բայց խնդրում եմ ականջալուր լինել իմ՝ անկուսակցականիս, խոսքին:
Դուք պարտադրված եք լինելու ուղղել նախկին իշխանության վրիպումները, բացթողումներն ու ճակատագրական սխալները:
Դուք պարտադրված եք լինելու այնպես անել, որ Հայաստանում այլևս չլինեն.
-անհատի պաշտամունք և մեկ ամուսնական զույգի գերիշխանություն.
-Ազգային ժողովի հլու-հնազանդ, կամակատար մեծամասնություն,
-վարանոտ, զգուշավոր ու «դիվանագետ» նախագահ,
-ինքնահավան, բթամիտ, տխմարածին ու դիլետանտ պաշտոնյաներ,
-խոսքի ազատության և քաղաքացիական իրավունքների սահմանափակում,
-օրենքն ու իրավունքը ոտնահարող իրավապահ համակարգ,
-խայտառակ պարգևավճարներ և չքավորության վիհում գոյատևող թոշակառուներ,
-օտարերկրյա գործակալներ, սորոսի վաստակներ, երկսեռ զոմբիներ և ԼԳԲՏ համայնք։
Բայց սա դեռ ամենը չէ:
Դուք պարտավոր եք.
-խոսակցական, բարբառային, օտար բառերով համեմված լեզվի փոխարեն վերադարձնել ոսկեղենիկ մայրենին, որպեսզի չպարտվի սուրբ Մեսրոպ Մաշտոցը,
-վերադարձնել հայոց պատմությունը, որպեսզի չպարտվի Մովսես Խորենացին,
-վերադարձնել հայ գրականությունը, որպեսզի չպարտվեն Նարեկացին, Թումանյանն ու Չարենցը,
-վերադարձնել հայ երաժշտությունը, որպեսզի չպարտվի Կոմիտասը,
-վերադարձնել մեր կրոնական հավատամքը, որպեսզի չպարտվի սուրբ Գրիգոր Լուսավորիչը:
ՈՒշադրություն դարձրի՞ք քանի անգամ գործածեցի «պարտվել» բայը, մենք ամեն օր, ամեն ժամ իրականում պարտվում ենք Նրանց՝ ոչնչացնելով մեր ազգէության հիմքերը:
Բայց հիմա խոսեմ մեկ այլ «պարտության» մասին, ինչն ինձ դրդել է գրիչ վերցնելու:
Հայստանի զինվորը, սպան, պահեստազորայինը, աշխարհազորայինը, կամավորը պարտվե՞լ են պատերազմում: Ո՛չ և երիցս ո՛չ: Հապա ո՞վ է կրկնակի, եռակի կորուստներ պատճառել թյուրքերին ու միջազգային ահաբեկիչներին:Հուսով եմ, կպարզեք իրական դավադիրներին, դավաճաններին, դասալիքներին և կհատուցեք ըստ պատշաճի:
Դուք պետք է հասկանաք, որ եթե անգամ պարտվել ենք մարտադաշտում, ապա տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց ոչ՝ պատերազմը: Եվ, ուրեմն, պարտավոր եք ձեր ամենօրյա գործունեությամբ հասնել Հայոց ցեղասպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:
ՈՒ վերջինը: Ձեզ եմ դիմում հետևյալ առաջարկով:
Ձեր առաջին գործերից մեկը պիտի լինի Հանրապետության հրապարակում, Լենինի արձանի տեղում, Հայաստանի Զինվորի խորհրդանշական հուշարձան-կոթողի տեղադրումը: Վայրը պատահական չէ. բարձունքի վրա՝ Մայր Հայաստանի խորհրդանիշը, ոտքերի տակ՝ նրան իսկ պաշտպանող Զինվորը:
Բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է երդվեն՝ վարչապետ, նախագահ, նախարարներ, զինվորականներ, ոստիկաններ և այլք, թող երդմնակալությունն ընդունեն ա՛յդ հուշակոթողի մոտ:
Եվ եթե ժամանակներ անց, Աստված մի արասցե, այնպիսի պահ վրա հասնի, որ երկրի ղեկավարը ստիպված լինի ստորագրելու զենընկեցության՝ կապիտուլյացիայի, փաստաթուղթ, թող կառավարության շենքից նայի Զինվորի հուշարձանին ու մտածի՝ ստորագրե՞լ, թե՞ ինքնասպան լինել:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հրապարակախոս, տնտեսական մշակութաբան